Երք, մարտի 22, 2022

5 րոպե

Ինչի՞ համար են նախատեսված Որակի Ապահովման չափորոշիչները



Որպես ՏՏ աշխարհի անփոխարինելի մաս, որակի ապահովումը (QA) դարձել է կարևոր ոլորտ ծրագրավորողների և թեստավորողների կյանքում: Քանի որ վերջին տարիների ընթացքում կայքերն ու հավելվածներն ավելի են կատարելագործվել, որակի ապահովման գործընթացը նույնպես հավասարապես ակտիվացել է: Ավելի ընդարձակ կայքերն ու հավելվածները սովորաբար պահանջում են ավելի լայնածավալ և մանրակրկիտ թեստավորում ՝ նախքան թողարկումը։

Որակի ապահովման գործընթացը պետք է մանրակրկիտ պլանավորվի և դիտարկվի, որպեսզի այն լինի բավականաչափ հաջողված: Որակի ապահովման գործընթացի արդյունավետությանը հետևելու ամենաարդյունավետ միջոցը համապատասխան չափորոշիչներն օգտագործելն է:

Որակի ապահովման արդյունավետության որոշման չափորոշիչների կիրառելիությունը քննարկելիս կարևոր է նաև նկատի ունենալ, որ որակի ապահովման չափորոշիչները չեն վերաբերում ընկերությանը, որպես մեկ ընդհանուր միավորի: Փոխարենը, դրանք վերաբերում են գոյություն ունեցող տարբեր մակարդակների, յուրաքանչյուր մակարդակ ունի իր համապատասխան չափորոշիչները։ Օրինակ, դուք կարող եք ունենալ չափորոշիչներ նախագծման փուլում, իսկ որոշ չափումներ կապված են տվյալ ժամանակահատվածի թերությունների քանակի հետ: Նման չափորոշիչները առավել հարմար են իրենց հատուկ արտադրանքի համար, թեև կարող եք նաև գնահատել դրանք ընդհանուր բաժնի մակարդակով:

Նախքան որակի ապահովման չափորոշիչները որոշելը, հարկավոր է հասկանալ, թե ինչ հարցերի պատասխաններ են նախատեսված գտնել այս չափորոշիչների կիրառմամբ:


Այսպիսով, հարցերը, որոնք պետք է տրվեն նախապես՝


  1. Որքա՞ն ժամանակ կպահանջվի թեստի իրականացման համար:
  2. Որքա՞ն գումար է նախատեսված թեստավորման գործընթացի համար:
  3. Ինչպիսի՞ բագեր ունենք: (բագերի կարգավիճակը)
  4. Գոյություն ունեցող թեստերը ծրագրային ապահովման ընդհանուր թեստավորման ո՞ր մասն են ապահովում (քանի՞ տոկոսը)
  5. Արդյո՞ք գնահատված ժամկետները բավարար են թեստավորումն իրականացնելու համար։


Որակի ապահովման հիմնական չափորոշիչները

Այժմ եկեք անցնենք այն չափորոշիչներին, որոնք օգտագործվում են թեստավորման գործընթացի արդյունավետությունը չափելու համար:
Կան բացարձակ արժեքներ, որոնք միշտ ներկայացվում են թվերով՝


  1. Test case-երի քանակը
  2. Passed test case-երի թիվը
  3. Failed test case-երի թիվը
  4. Blocked test case-երի թիվը
  5. Հայտնաբերված բագերի քանակը
  6. Ընդունված բագերի քանակը
  7. Մերժված բագերի թիվը
  8. Հետաձգված բագերի քանակը
  9. Կրիտիկական բագերի քանակը
  10. Թողարկումից հետո հայտնաբերված բագերի քանակը


Բայց, ի վերջո, վերը նշված բոլոր ցուցանիշները բավարար չեն թեստավորման գործընթացի հաջողությունն ու արդյունավետությունը չափելու համար: Ընդհանուր պատկերը տեսնելու և գնահատելու համար մեզ անհրաժեշտ են ավելի կոնկրետ և հաշվարկված տվյալներ։


Թեստավորման ջանքերի չափում՝

Չափորոշիչները ներառում են կատարվող թեստերի քանակը, բագերը թեստավորման մեկ ժամում, բագերի ֆիքսման միջին ժամանակը և այլն։


  1. Թեստերի քանակը որոշակի ժամանակահատվածում = Փորձարկումների քանակը/Ընդհանուր ժամանակը
  2. Թեստավորման նախագծման արդյունավետություն = Նախագծված թեստերի քանակը/Ընդհանուր ժամանակը
  3. Թեստի վերանայման արդյունավետություն = Վերանայված թեստերի քանակը/Ընդհանուր ժամանակը
  4. Բագերի թիվը մեկ թեստի համար = Բագերի ընդհանուր թիվը/Թեստերի ընդհանուր թիվը


Թեստային ծածկույթի չափում՝
Օգնում է հասկանալ, թե հավելվածի որ հատվածները պետք է թեստավորվեն: Ենթադրելով, որ թեստերը լավ որակի են, այս չափորոշիչը կարող է բացահայտել, թե ծրագրային ապահովման որ մասերն ունեն առավել շատ թերություններ։


  1. Թեստի ծածկույթի տոկոս = (կատարված թեստերի քանակը/կատարվելիք թեստերի քանակը) X 100
  2. Պահանջների ծածկույթ = (Պահանջների ծածկույթի թիվը/Պահանջների ընդհանուր թիվը) X 100


Թիմի արդյունավետության չափում՝
Սա գնահատում է աշխատանքի բաշխումը թիմի անդամների միջև և ստացված արդյունքներն ըստ թիմի համապատասխան անդամի։ Մասնագետներն առաջարկում են երբեք չօգտագործել այս չափորոշիչները՝ առանձին թեստավորողներին միմյանց դեմ բացասաբար տրամադրելու համար, այլ հակառակը՝ թիմի ներսում առաջընթաց ապահովելու և համատեղ ջանքերով հաջողություններ գրանցելու համար։


  1. Թիմի յուրաքանչյուր անդամի վերադարձված բագերի քանակը
  2. Թիմի յուրաքանչյուր անդամի կողմից բացած բագերի քանակը
  3. Թիմի յուրաքանչյուր անդամին հատկացված test case-երի քանակը
  4. Թիմի յուրաքանչյուր անդամի կողմից կատարված test case-երի քանակը


Բագերի բաշխման չափում՝
Օգնում է հասկանալ, թե ծրագրային ապահովման որ մասն է առավել զգայուն թերությունների նկատմամբ, և, հետևաբար, որտեղ կենտրոնացնել թեստավորման ջանքերը:


  1. Բագերի բաշխումն ըստ պատճառի
  2. Բագերի բաշխումն ըստ հատկանիշի/ֆունկցիոնալ տարածքի
  3. Բագերի բաշխումն ըստ severity-ի
  4. Բագերի բաշխումն ըստ առաջնահերթության
  5. Բագերի բաշխումն ըստ տեսակի
  6. Բագերի բաշխում ըստ թեստավորողի – Dev, QA, UAT կամ End-user


Թեստի արդյունավետության չափում՝
Այս կերպ կարող ենք գնահատել,թե որքանով է հաջողված թեստավորումը։
(1 թեստում հայտնաբերված բագեր/ թեստերում հայտնաբերված բագերի ընդհանուր թիվը + թողարկումից հետո) X 100


Մեր փորձը
Մենք որպես որակի ապահովման ընկերություն չենք կարող շրջանցել մեր աշխատանքի արդյունավետության չափումը՝ օգտագործելով վերը նշված չափորոշիչները:
Սովորաբար, մեր թիմի կողմից օգտագործվող չափորոշիչները կախված են ընթացիկ նախագծից, որի վրա աշխատում է թիմը/զույգը:
Եթե դա ոչ ընդարձակ նախագիծ է, որտեղ ներգրավված են մեր մասնագետներից երկուսը (ինչպես արդեն նշել ենք մեր նախորդ բլոգներից մեկում, մենք հիմնականում աշխատում ենք նախագծերի վրա փոքրիկ թիմերով կամ զույգերով), կարիք չկա չափելու, օրինակ «Թիմի արդյունավետությունը»:
Բայց, ընդհանուր առմամբ, կան չափորոշիչներ, որոնք միշտ պետք է հաշվի առնվեն և լավ չափվեն, անկախ նրանից, թե ինչ տեսակի նախագծի հետ գործ ունենք, ինչպես օրինակ «Սխալների բաշխման» չափումները, ինչպես նաև «Թեստային ծածկույթի» չափումները, որոնք ունեն առաջնային նշանակություն։

Բովանդակություն